ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Դրամական սնանկացման» ԱՄՆ-ի ճկուն քաղաքականությունն ու այլոց շահերը

«Դրամական սնանկացման» ԱՄՆ-ի ճկուն քաղաքականությունն ու այլոց շահերը
25.11.2008 | 00:00

ՆԱՎԹԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՆՏԱԺ
ՈՒշադրության է արժանի, որ այս օրերին համաշխարհային ֆինանսական ճգնաժամին զուգահեռ եկել են նաև «երջանիկ ժամանակներ»։ Համենայն դեպս, բնակչության որոշակի հատվածի՝ ավտոմոբիլիստների համար։ Աշխարհի ավտոմոբիլիզացված երկրներում, իսկ Հայաստանը բնակչության մեկ շնչին ընկած ցուցանիշով կարող է այդպիսին համարվել, ուրախ են, որ բենզինի գները լցակայաններում իջնում են։ Սակայն այս հանգամանքը, եթե զուտ կենցաղային առումով դրական է, ապա նավթի գների ընդհանուր անկումը ոչ մի դրական բան չի խոստանում հատկապես արտահանող երկրներին ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհաքաղաքական իմաստով։

Անցյալ շաբաթ Նյու Յորքում նավթի գներն անկում արձանագրեցին չորս օր շարունակ։ Հուլիսին նավթի մեկ բարելն արժեր 145,63 դոլար, իսկ այսօր հում նավթի գներն իջել են 63 տոկոսով, ընդ որում, ռուսական «ծանր» նավթը վաճառվում է ավելի ցածր գնով՝ մեկ բարելը 43 դոլար։ Ավելին, ֆոնդային բորսաների վերլուծաբանները կանխատեսում են, որ նավթի գների անկումը հաջորդ տարվա ապրիլին կարող է հասնել մեկ բարելի դիմաց 40 դոլարի, քանի որ նավթի արդյունահանումն էժանացել է, իսկ դոլարն էլ իր հերթին ամրապնդվում է։ Ըստ հավաստի կանխատեսումների, իրավիճակը չի փոխվի նաև ՕՊԵԿ-ի երկրների` նոյեմբերի 29-ին Կահիրեում կայանալիք նիստից հետո։ Նավթային կարտելի նախագահ Շահիբ Խալիլն այս կապակցությամբ հայտարարել է. «Չեմ կարծում, թե մեզ կհաջողվի ինչ-որ որոշում ընդունել։ Ես այն տեսակետին չեմ, թե հարկավոր է նոր քայլեր ձեռնարկել, քանի դեռ ՕՊԵԿ-ի անդամ բոլոր երկրները չեն սկսել իրականացնել նախկինում ընդունված որոշումները»։
Այսպիսով, դատելով հիշյալ կանխատեսումներից, ոչ միայն համաշխարհային տնտեսությունը, այլև քաղաքականությունը կարող է մտնել նոր փուլ, և այն տերությունների «անհոգ կյանքը», որոնք փորձում էին աշխարհի և իրենց հարևանների հետ խոսել նավթաքաղաքական շանտաժի ձևով, ավարտվում է։ Հետաքրքիր է հետևյալ հանգամանքը, որ այս տարվա ամռանը, դեռ մինչ վրացական իրադարձությունները, մի շարք լուրջ արևմտյան պարբերականներ հանդես եկան նավթային թեմայի վերաբերյալ հրապարակումներով։ Մասնավորապես նշվում էր, որ շուկայական մեխանիզմներով հնարավոր չէ կարգավորել նավթի գների աճը, ինչը նշանակում է, որ դա պետք է անեն պետությունները, և հասել է ժամը, որպեսզի արևմտյան աշխարհն արտակարգ ծրագիր մշակի այդ ուղղությամբ։
Բրիտանական «Թայմսը» մասնավորապես նշում էր. «Սև ոսկու գինը, եթե այն գերազանցում է 100 դոլարը մեկ բարելի դիմաց, լրջագույն վտանգ է համաշխարհային տնտեսության համար։ Այն իր մեջ պարունակում է գլոբալ ինֆլյացիայի լուրջ սպառնալիք, տապալվում են զարգացման ծրագրերը Չինաստանում և զարգացող շուկայական տնտեսություն ունեցող այլ երկրներում։ ՈՒժեղանում են աշխարհաքաղաքական ռիսկերը համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 7 տոկոսի վերաբաշխումով Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի զարգացող տարածաշրջաններից դեպի նրանց նկատմամբ թշնամաբար տրամադրված ռեժիմները։ Այդ վարչակարգերը հնարավորություն են ստանում գոյացած միջոցների մի մասն ուղղել արմատական վահաբական մեդրեսեներին, Հարավային Ամերիկայի խռովարար կոմունիստներին և նախկին ԽՍՀՄ երկրներումի մաֆիոզ կառույցներին»։ Միաժամանակ պարզ է, որ ահռելի տարբերություններ կան նավթի արդյունահանման և վաճառքի գների միջև։ Շատ երկրներում արդյունահանման ծախսերը մեկ բարելի դիմաց կազմում են մի քանի դոլար։ Իսկ նավթի ինքնարժեքը ՕՊԵԿ-ի անդամ երկրներում մեկ բարելի դիմաց չի գերազանցում 10 դոլարը, հաճախ էլ շատ ավելի ցածր է։
Միևնույն ժամանակ փորձագետների մեծամասնությունը նավթի գների աննախադեպ բարձրացումը համարում է ԱՄՆ-ում Բուշի վարչակազմի նպատակային քաղաքականության հետևանք։ Որովհետև ներկա վարչակազմն իր գոյությամբ շատ բանով է պարտական ամերիկյան խոշոր նավթընկերությունների աջակցությանը։ Բուշերի ընտանիքը, ինչպես նաև ներկա վարչակազմի մի շարք առաջատար քաղաքական գործիչներ, սերտ կապված են նավթային բիզնեսի հետ։ Եվ ահա այժմ, երբ ԱՄՆ-ում սպասվում է իշխանության փոփոխություն, նավթի գները համաշխարհային շուկայում կտրուկ սկսեցին իջնել։ Թեկուզև ոչ ոքի համար պարզ չէ՝ ինչ կա Օբամայի մտքում, և ինչ էներգետիկ քաղաքականություն է իրականացնելու նրա ձևավորած վարչակազմը, բայց, համենայն դեպս, ակնհայտ է, որ փորձեր են արվելու չեզոքացնելու «էներգետիկ մահակը»։
Այդ իմաստով շատ բնորոշ էր Բաքվում կայացած վերջին էներգետիկ գագաթաժողովը, որտեղ ուրվագծվեցին եվրոպական էներգետիկ անվտանգության ապագա ծրագրերը, նոր խողովակաշարի կառուցման տարբերակները, հնչեցին հետաքրքիր աշխարհաքաղաքական ենթատեքստ ունեցող հայտարարություններ։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, արևմտյան դիվանագիտական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է. «Նավթի գները շարունակելու են իջնել։ Ինչո՞ւ է այդպես կատարվում` հարցրեք Ռուսաստանին, ոչ թե մեզ։ Մենք համոզվել ենք մեկ բանում՝ որքան շատ փող է մտնում Ռուսաստան, այնքան ավելի մեծանում են Մոսկվայի հավակնությունները։ Այդ իսկ պատճառով որոշվեց ցույց տալ Ռուսաստանին, որ նրան ամեն ինչ թույլատրված չէ»։ Դիվանագետի պնդմամբ՝ ԱՄՆ-ի նոր վարչակազմը վարելու է նույն քաղաքականությունը. 2009-ին նույնպես նավթի գները բարձր չեն լինի։
Նավթի գների անկումն արդեն այժմ իր ազդեցությունն է թողնում, այսպես կոչված, «իզգոյ» երկրների վրա, որպիսիք Արևմուտքում դիտարկվում են Իրանն ու Վենեսուելան։ Ամերիկացիներն այլևս չեն թաքցնում, որ «նավթաքաղաքական շանտաժին» իրենք և իրենց դաշնակիցները պետք է հակադրեն «դրամական սնանկացման» ճկուն քաղաքականությունն այն երկրների նկատմամբ, որոնք միայն նավթի բարձր գների շնորհիվ են ընդունակ դրսևորելու իրենց քաղաքական և տնտեսական հավակնությունները։ ԱՄՆ-ում համարում են, որ նավթի գների լուրջ անկման պայմաններում այդ պետությունները ստիպված կլինեն վերանայելու իրենց հավակնոտ ծրագրերը և կդառնան ավելի զիջողամիտ։ Այս իմաստով շատ բնութագրական է, որ փորձագետների գնահատմամբ Ռուսաստանն արդեն մտնում է ծանր տնտեսական ճգնաժամի նոր փուլ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նավթի գները մեկ բարելի դիմաց իջան 50 դոլարից էլ ցած։ Դա իսկապես կարող է ունենալ աղետալի հետևանքներ, որովհետև դրան են գումարվում ռուբլու արժեզրկումն ու մարդկանց կենսամակարդակի կտրուկ անկումը եկող տարվա կտրվածքով։ Գների անկումն արդեն իսկ ճեղքվածք է առաջացրել Ռուսաստանի բյուջեում, չնայած երկու ահռելի կայունացման ֆոնդերի գոյությանը, որոնք ձևավորվել են նավթի բարձր գների շնորհիվ։ Տարբեր գնահատականներով՝ այժմ ծախսերի իրականացման համար ռուսական կառավարությունը 150 մլրդ դոլարի դեֆիցիտ ունի, ուստի 2009-ին ծախսերը կկրճատվեն։ Թեպետ վարչապետ Վլադիմիր Պուտինը փորձում է հավատացնել, թե կառավարությունը դեղատոմսեր է մշակում բնակչության շահերը պաշտպանելու համար, սակայն նավթի գների անկումը գնալով սահմանափակում է կառավարության մանևրելու հնարավորությունը։ Այս տարվա մայիսից ռուսական շուկաները կորցրել են իրենց արժեքի 70 տոկոսը, կենտրոնական բանկը 57,5 մլրդ դոլար է ծախսել ռուբլու թուլացումը հնարավորինս կանխելու համար։ Եվ չնայած դրանց, սեպտեմբեր ամսին Ռուսաստանն աշխարհի 11 զարգացած երկրների ցանկում ինֆլյացիայի մակարդակով առաջին տեղում էր՝ 11 տոկոս։
Բավական բարդ է իրավիճակը նաև Իրանում։ Իրանը ՕՊԵԿ-ի երկրներից երկրորդն է նավթարդյունահանման ծավալներով և նույնպես զգում է գների անկման հետևանքները։ Արևմտյան փորձագետների գնահատմամբ՝ «սև օրվա» համար կուտակված կայունացման ֆոնդը, վատ կառավարման հետևանքով, բարվոք վիճակում չէ։ Իրանը հատկապես խոցելի է համարվում, քանի որ նրա եկամուտների 80 տոկոսը գոյանում է նավթի վաճառքից։ Բոլորովին վերջերս ԱՄՀ-ի փորձագետները հայտարարեցին, թե հավասարակշռված բյուջե ձևավորելու համար Թեհրանին անհրաժեշտ է, որ նավթի գները չիջնեն 95 դոլարից, և գների այսօրվա անկումից գոյացած դեֆիցիտը կարող է հանգեցնել լրջագույն խնդիրների։
Հարավային Ամերիկայի նավթային գիգանտ Վենեսուելան նույնպես լավ վիճակում չէ։ Նավթը կազմում է երկրի արտահանման 50 տոկոսը, իսկ նրանից ստացվող եկամուտներն ընդհանուր պետական եկամուտների 95 տոկոսն են։ Ըստ այդմ, նախագահ Հուգո Չավեսի հավակնություններն էլ, ուզած-չուզած, կչափավորվեն։ Այս ամենում ուշագրավ է այն, որ Սաուդյան Արաբիան, լինելով աշխարհի առաջին արտահանող երկիրը նավթի ասպարեզում, վարում է շատ զգուշավոր հարկաբյուջետային քաղաքականություն, որը հնարավորություն է տալիս թագավորությանը՝ պահպանել իր դիրքերը, քանի որ իր բյուջեն հաշվարկված է մեկ բարելը 45-50 ԱՄՆ դոլարի հաշվարկով։ Այս համատեքստում հետաքրքիր է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է որոշ երկրների «նավթաքաղաքական շանտաժից» աշխարհն ազատել հենց Պարսից ծոցի գործընկեր երկրների համագործակցությամբ, որոնց թվում է նաև Էր-Ռիադը։ Միաժամանակ, գրեթե բոլոր տնտեսագետ-փորձագետների գնահատմամբ, որքան նավթի գներն իջնեն, այնքան ԱՄՆ-ի տնտեսությունը «թափ» կհավաքի, և դրա հետևանքով «արագ բարելավում» տեղի կունենա նաև այլ երկրներում։ Ամերիկացիներն արդեն հասկացրել են, որ այս փուլում ամեն ինչ անելու են, որպեսզի նավթը մնա 40-60 դոլարի «միջանցքում»։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 3881

Մեկնաբանություններ

╖ёН┘·Д╪└/5474128578528">Նոյեմբերը մեզ մոտ ամենաաշնանային ամիսն է
Նոյեմբերը մեզ մոտ ամենաաշնանային ամիսն է

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Անճարակության փյունիկապաշտներ ենք
Անճարակության փյունիկապաշտներ ենք

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Երբ ե­րեքն էլ «թա­գա­վոր» են, իսկ գա­հը մեկն է
Երբ ե­րեքն էլ «թա­գա­վոր» են, իսկ գա­հը մեկն է